Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ծնելիությունն աճում է

Հայաստանում ծնելիությունն աճում է

Նաեւ նկատվում է անպտղության նվազման միտում Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի մյուս երկրներում, անպտղության տարածվածության վերաբերյալ թեեւ պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, սակայն խնդիրն ուսումնասիրվում է։ Վերջին 10 տարիներին անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է անպտղության ցուցանիշների նվազում. կանանց շրջանում այն 32 տոկոսից նվազել է 16.4-ի, իսկ տղամարդկանց շրջանում կազմում է 4-5 տոկոս։ Մասնագետների կարծիքով՝ նման միտումը հիմնականում պայմանավորված է բժշկության մեջ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներով։

 

Անպտղության պատճառները կարող են տարբեր լինել՝ էնդոկրին խանգարումներ, վերարտադրողական օրգանների հետ կապված խնդիրներ եւ այլն։ Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անպտղության տարածվածությունը նվազեցնելու համար շատ կարեւոր է, որպեսզի վերարտադրողական տարիքի կանայք պարտադիր անցնեն ստուգումներ թե հղիությունից առաջ, թե դրա ընթացքում եւ թե դրանից հետո։ Այդ հետազոտությունները հնարավորություն կտան ժամանակին պարզելու եւ վերացնելու այն խնդիրները, որոնք հետագայում կարող են առաջացնել անպտղություն։

 

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի վարիչ, կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանն էլ հավելեց, որ էկոլոգիական վիճակը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա՝ մեծացնելով վիժումների, անպտղության առաջացման հավանականությունը, իսկ հղիների մոտ ազդում է պտղի նորմալ զարգացման վրա։ Հայաստանում վերարտադրողական ֆունկցիայի եւ էնդոկրին խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ նաեւ յոդի պակասը։ Քանի որ կերակրի աղը արտադրվում է մեր երկրում, վերջին տարիներին այդ խնդիրը լուծվում է դրա մեջ յոդի որոշակի չափաբաժնի ավելացման շնորհիվ։ Նշենք, որ հանրապետությունում վիժումները, վաղաժամ ծննդաբերությունները կազմում են 8-9 տոկոս։ Դրանք կարող են բերել երկրորդական չբերության, որին կարող է հանգեցնել նաեւ առաջին հղիության արհեստական ընդհատումը։

 

Վատ սովորությունները նույնպես բացասական ազդեցություն են ունենում վերարտադրողական գործառույթի վրա. տղամարդկանց կողմից ալկոհոլի օգտագործումը, առավել եւս չարաշահումը նվազեցնում է սերմի ակտիվությունը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է հղիանալու հավանականությունը, իսկ կանանց ծխելը կարող է հանգեցնել պտղի ներարգանդային զարգացման խանգարման եւ այլ խնդիրների։ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը նշեց, որ հանրապետությունում անպտղության վերաբերյալ անցած տարվա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 35-40 տոկոսի դեպքերում անպտղության պատճառները զուգակցված են, այսինքն՝ ժխտվում է այն մոլորությունը, թե հիմնական «մեղավորը» կինն է։ Դա հիմք է տալիս մասնագետներին պնդելու, որ անպտղության դեպքում ամուսնական զույգն ուսումնասիրվի միասին՝ համալիր հետազոտության մեթոդներով։ Ներկայումս կանանց վերարտադրողական առողջությունը համարվում է պետական գերակա առաջնահերթություններից եւ գտնվում է հսկողության տակ։ Դրան ուղղված կարեւոր քայլերից մեկը անվճար ծննդօգնության հավաստագրերի տրամադրումն էր, որը խթանեց ծնելիության աճը։

 

Եթե 2007-2008 թվականներին հանրապետությունում արձանագրվել է շուրջ 40 հազար ծնունդ, ապա 2009-ին՝ 43 հազար, այն է 3000-ով ավելի, ինչը կազմում է 7 տոկոս։ Մասնագետների հավաստմամբ՝ դա աննախադեպ ցուցանիշ է։ Խորհրդային տարիների համեմատ զգալիորեն նվազել են նաեւ հղիության արհեստական ընդհատման դեպքերը՝ շուրջ 75 տոկոսով։ Եթե այն ժամանակ 1 ծնունդին ընկնում էր 4 արհեստական ընդհատում, ապա ներկայումս՝ հակառակը։

Հեղինակ. Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ